«Ռոսօբորոնէքսպորտ»-ն ադրբեջանական կողմին առաջարկել է կազմակերպել Т-72 տանկերի պարկի արդիականացումը՝ մինչեւ տանկերի աջակցման մարտական մեքենաների մակարդակի:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ռուսական հատուկ արտահանման ընկերության գլխավոր տնօրենի խորհրդական Էսեն Տոպոեւը, ով գլխավորում է «Ռոսօբորոնէքսպորտ»-ի պատվիրակությունը սպառազինությունների ADEX-2014 միջազգային ցուցահանդեսում: Այս մասին գրում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

«Մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին ներկայացրեցինք «Ուրալվագոնզավոդ»-ի արտադրանքը: Դիտեցինք տանկերի աջակցման մարտական մեքենան՝ «Տերմինատոր»-ը եւ առաջարկեցինք՝ հաշվի առնելով այն, որ այստեղ բավական մեծ Т-72 տանկերի պարկ կա, կազմակերպել դրանց խորը արդիականացումը եւ դիտարկել այդ տարբերակի զարգացման հետագա հնարավորությունները»,- ասել է նա:

Անցյալ տարի սեպտեմբերին Նիժնի Տագիլում անցկացված Russia Arms Ехро ցուցահանդեսի ժամանակ «Տերմինատոր»-ների արտադրության նման ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ համաձայնություն է ստորագրվել «Ուրալվագոնզավոդ»-ի եւ «Ղազախստան ինջինիրինգ» ընկերությունների միջեւ: