Ի՞նչ է նշանակում ԲՀԿ-ն դեմ է իշխանության վերարտադրմանը. իսկ դուք աշխարհում գիտե՞ք մի ոչ իշխանական կուսակցություն, որը կողմ է, որ իշխանությունը վերարտադրվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ, Էդուարդ Շարմազանովը:

«ԱՄՆ-ում հանրապետականները կո՞ղմ են, որ  դեմոկրատները վերարտադրվեն, Ֆրանսիայում Սարկոզիի կուսակցությունը կո՞ղմ  է, որ սոցիալիստները վերարտադրվեն: Չկա աշխարհում որեւէ կուսակցություն, որը չի ուզում ինքը գալ իշխանության եւ կողմ է գործող իշխանության վերարտադրմանը»,- ընդգծել է նա:

Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանի խոսքը հնչել է սահմանադրական բարեփոխումների նախաձեռնման համատեքստում, այսինքն մտավախություն կա, որ թեեւ գործող նախագահը երրորդ անգամ չի կարող զբաղեցնել նախագահի պաշտոնը, սակայն սահմանադրական բարեփոխումների միջոցով ՀՀԿ-ն հնարավորություն կստանա նորից մնալ իշխանության, Շարմազանովը նախ նշեց, որ դեռ սահմանադրական բարեփոխումների փաթեթը հրապարակված չէ, երբ այն հրապարակվի, այն ժամանակ էլ կարելի կլինի քննարկել հարցը, ապա հավելեց. «Դրանով, փաստորեն, նրանք գտնում են, որ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտի ամենաազդեցիկ ուժն է եւ առաջիկա նախագահական ընտրություններում կրկին հաղթելու է: Շնորհակալություն նման բարձր վստահության համար»:

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Zham.am-ին տված հարցազրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների մասին իրենց կուսակցության մոտեցմանը նշել էր. «Եթե իշխանությունները որոշեն փաթեթը պատրաստել, հայեցակարգը հաստատել, այդ ժամանակ ԲՀԿ-ն նույնպես կքննարկի` դահլիճներում եւ հրապարակներում: Այդ դեպքում ես կունենամ բարոյական իրավունք` հրավիրել ժողովրդին հանրահավաքների` մարզերում, Երեւանում: Կներկայացնեմ մեր մոտեցումները, մարդկանց կլսեմ: Այն ժամանակ էլ` ինչպես ժողովուրդը որոշի, այնպես էլ կանենք: Մենք կողմ ենք ցանկացած բարեփոխման, դեպի լավը փոփոխության, բայց ոչ` վերարտադրման»: