ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 16-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում  Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին եւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով  հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ եւ հույն ժողովուրդների   դարավոր եւ բարեկամական  հարաբերությունները,  կարեւորեց դրանց  առավել սերտացումն ու ընդլայնումը: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին,  ինչպես նաեւ երկու ժողովուրդներին պատուհասած ցեղասպանության թեմային: Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն հայտնեց Հունաստանի խորհրդարանին՝  Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւի ընդունման համար:

Անդրադառնալով խորհրդարանական համագործակցությանը՝ ԱԺ փոխնախագահը  կարեւորեց տարբեր միջազգային հարթակներում  միմյանց սատարելու անհրաժեշտությունը՝   նշելով, որ տարակուսելի է հույն  որոշ պատգամավորների   վարքագիծը,  որոնք, անտեսելով Հունաստանի պաշտոնական դիրքորոշումը,  խորհրդարանական վեհաժողովներում փորձում են ստվեր գցել հայ-հունական հարաբերությունների վրա:

Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսը, իր հերթին եղբայրական գնահատելով հայ-հունական հարաբերությունները, նշեց, որ ողջունում է ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացումը: Հույն պատգամավորը նկատեց, որ Հունաստանը պաշտոնապես սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հույն գործընկերոջը հրավիրեց ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպվելիք ՙԽորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության՚ գիտաժողովին, որը նախատեսվում է իրականացնել ապրիլի 22-23-ին՝ Երեւանում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: