Հունիսի 20-ին, ժամը 16.25-ին ահազանգ է ստացվել, որ Սեւան-Գավառ ավտոճանապարհի 28-րդ կմ-ում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան իջել է ձորը, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

NEWS.am-ը ԱԻՆ «Արտակարգ ալիք» կենտրոնից տեղեկանում է, որ դեպքի վայր են մեկնել Գավառի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները:

Տեղում պարզվել է, որ Գավառի էլ. ցանցին պատկանող «Նիվա» մակնիշի 277 ՍՏ 16 պետհամարանիշի ավտոմեքենան կամրջակի վնասվածքի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ իջել հարակից ձորը:

Ժամը 16.50-ին փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ձորից: Տուժածներ չկան:

Իսկ հունիսի 18-ին ժամը 22.25-ին Գորիսի ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Կապան ավտոմայրուղու 261 կմ-ում` «Թասի» ոլորաններում, ձորն է ընկել «ԳԱԶել» մակնիշի երթուղային  ավտոմեքենան, կան տուժածներ, եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ժամը 22.26-ին դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում` «ԳԱԶել» մակնիշի 3994 S պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ 39 մ բարձրությունից ընկել ձորը, ինչի հետեւանքով  վարորդը եւ 9 ուղեւոր ստացել են թեթեւ մարմնական վնասվածքներ:

Փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել ուղեւոր, 1963 թ. ծնված Դ. Մելքոնյանը  եւ շտապօգնության բրիգադի միջոցով տեղափոխվել Գորիսի  հիվանդանոց: Ըստ բժիշկների` Դ. Մելքոնյանի վիճակը գնահատվում է բավարար: