Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը հունիսի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրի առջեւ բողոքի ցույց է անցկացրել՝ հանդիպում պահանջելով Սերժ Սարգսյանի հետ, ով այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Գերմանիայում։
Ղարաբաղյան պատերազմի վետերանները, մասնավորապես, պահանջում են ոտքի կանգնել եւ ոչ մի թիզ հող չհանձնել Ադրբեջանին։ «Բոլոր տղամարդիկ պետք է զենք ունենան, որպեսզի անհրաժեշտության դեպքում կես ժամից վերցնենք Բաքուն»,- հայտարարեց ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին զորահրամանատար Արկադի Կարապետյանը (Ագոն)։

Մեկնաբանելով հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիան, որի հետեւանքով չորս հայ զինծառայող է զոհվել, Կարապետյանը նկատեց, որ հայերը շատ ինքնավստահ են։ «Ոչ ոք ոչ մի հարց չի կարող լուծել, եթե ազգը քնած է։ Եթե մենք զգոն լինենք, ոչ ոք ոչինչ չի կարող անել մեզ։ Եթե մենք ուժեղ լինենք, պատերազմ չի լինի։ Երբ մենք թուլանում ենք, թշնամուն թվում է, որ ինքը կարող է հարձակվել եւ հաղթել»,- կարծում է Կարապետյանը։ Նրա կարծիքով, իրավիճակից ելքը Արցախի եւ Հայաստանի միացումն է։ Վետերանները նաեւ նշեցին, որ եթե Երեւան վերադառնալուց հետո Սերժ Սարգսյանը չընդունի իրենց, ապա այդ դեպքում իրենք որոշակի քայլերի կդիմեն, որոնց մասին կհայտարարեն հավելյալ։

Նշենք, որ հունիսի 18-ին ԼՂՀ տարածք ադրբեջանական զինված խմբավորում էր ներխուժել։ Մարտի արդյունքում հայկական կողմից զոհվել էր 4, վիրավորվել եւս 4 զինծառայող։ Ադրբեջանցիները հետ էին քաշվել՝ դաշտում թողնելով մեկ սպանված։