Մինչ մալայզիական կործանված Boeing 777-ի պաշտոնական հետաքննությունն Ուկրաինայում ձգձգվում է, իսկ նախնական զեկույցներում օդանավի կործանման հստակ պատճառներ չեն նշվում, աղետի հետաքննությամբ որոշել են զգաղվել գերմանական քննիչները: Գերմանիայից մասնավոր հետաքննական գործակալությունը 30 մլն դոլարի չափով պարգեւ է խոստացել վկայությունների համար, որոնք կօգնեն բացահայտել, թե ով կարող էր կործանել Boeing-ը:

Հետաքննությունը վարում է տնտեսական հանցագործությունների հետաքննությամբ զբաղվող Wifka գործակալության աշխատակից Յոզեֆ Ռեշը, ում այդ գործը հանձնարարել է անհայտ հաճախորդը: Wifka գործակալությունը ցանկանում է իմանալ հետեւյալը. «Ո՞վ է հուլիսի 17-ին կործանել MH17 չվերթի ինքնաթիռը: Ո՞վ է հանձնարարել հարվածել օդանավին: Ո՞վ է քողարկում հանցագործությունը (եթե անգամ խոսքը քաղաքական, տնտեսական կամ ռազմական սխալի պատճառով արձակված հրթիռի մասին է): Ո՞վ կարող է բացահայտել իրադրության հանգամանքները, որոնք հանգեցրել են աղետին»,- գրում է NEWSru.com-ը:

«Ովքե՞ր են անմիջական կատարողները: Ի՞նչ է պատահել Boeing-ի կործանման գործողության մասնակիցների հետ: Ինչպիսի՞ն է օգտագործված զենքի հետագա ճակատագիրը: Ո՞վ կարող է նշել հրամանն արձակած մարդու կամ մարդկանց անունները»,- հարցնում է գործակալությունը:

Այս հարցերի պատասխանները կօգնեն զգալի գումար վաստակել: «Վկայությունների համար, որոնք կօգնեն բացահայտել հանցագործության պատվիրատուներին, 30 մլն դոլարի չափով պարգեւ է նշանակված: Ամբողջ գումարը պահվում է Շվեյցարիայում (Ցյուրիխ), հուսալի վայրում: Գումարը կվճարվի Ցյուրիխում կամ այլ չեզոք վայրում»,- նշում են դետեկտիվները: