ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը սեպտեմբերի 15-16-ը մասնակցեց Ժնեւում ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) եւ ՄԱԿ-ի Եվրոպայի եւ Կենտրնական Ասիայի տարածաշրջանային զարգացման խմբի (R-UNDG) կողմից կազմակերպված «Հետ-2015 զարգացման օրակարգի մշտադիտարկումը եւ հաշվետվողականությունը տարածաշրջանային մակարդակով» նախարարական խորհրդակցությանը:

Նախարարի տեղակալն աշխատանքային հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի նորանշանակ գործադիր քարտուղար Քրիստիան Ֆրիս Բախի հետ` քննարկելով հանձնաժողովի ծրագրերում Հայաստանի ներգրավվածության հեռանկարները:

Աշխատանքային այցի շրջանակներում Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նորանշանակ բարձագույն հանձնակատար Զեյդ Ռա’ադ Ալ Հուսեյնի հետ:

Շնորհավորելով վերջինիս նոր առաքելության ստանձնման կապակցությամբ` նախարարի տեղակալը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու եւ խորացնելու համագործակցությունը Բարձրագույն հանձնակատարի գրասենյակի, Մարդու իրավունքների մարմինների եւ հատուկ ընթացակարգերի հետ:

Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ նաեւ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության նախագահ Պետեր Մաուրերի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության միջեւ համագործակցության հետագա զարգացման հարցերը: