ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերին կայցելեն Երեւան եւ Բաքու, ԱՊԱ-ի հետ հարցազրույցում հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Իգոր Պոպովը:
Ըստ նրա՝ այցի նպատակը հայ-ադրբեջանական հերթական գագաթաժողովի նախապատրաստումն է: Նախնական մտադիր ենք հանդիպել երկու երկրների արտգործնախարարների հետ՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանի շրջանակում: «Կքննարկենք օրակարգը, փաստաթղթերի ստուգումը, այնուհետեւ հանդես կգանք հայտարարությամբ, որը կտեղակայվի ԵԱՀԿ կայքում»:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններին, ապա ըստ Պոպովի, ինքը համաձայն չէ այն մտքին, թե բանակցություններում լճացում է դիտվում: «Դրանք բավական ինտենսիվ են ընթացել՝ երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, համանախագահների միջնորդությամբ: Այլ հարց է, որ բարձր մակարդակով կապերում դադարը երկարաձգվել է. վերջին գագաթաժողովը տեղի էր ունեցել 2013 թ. նոյեմբերին: Այդ պատճառով էլ կարեւոր էր արդեն այն, որ այսքան երկարատեւ ընդմիջումից հետո նախագահները նորից նստել են մեկ սեղանի շուրջ, որը վկայում է չլուծված հարցերին լուծում տալու համատեղ ձգտման մասին: Այդ հարցերը քիչ են, սակայն կարեւոր դեր են խաղում կարգավորման հարցում: Սոչիի հանդիպումն օգտակար էր: Այդ հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ այն ընթանում էր սահմանին եւ շփման գծին իրադրության կտրուկ լարվածության պայմաններում:
Կարծում եմ, որ այնտեղ բարձր մակարդակով հայտարարված խաղաղ միջոցներով, բանակցությունների ուղով կարգավորմանը հասնելու հավատարմությունը հիմնականում նպաստել է դրան հաջորդած իրադրության կարգավորմանը: Ինձ իմ ամերիկացի գործընկերը տեղեկացրել է, որ Ուելսում խոսվել է բանակցային գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին: Նախագահներին կոչ է արվել հրաժարվել ուժ կիրառելուց: Սրան դժվար է չհամաձայնելը, քանի որ տվյալ մոտեցումը բազմիցս հնչել է համանախագահ երկրների համատեղ հայտարարություններում: Կարծում եմ, որ Փարիզի գագաթաժողովը նույնպես կարող է անցնել համանախագահ երկրների ջանքերի համատեքստում, որոնք ուղղված են «եռյակի» կողմից համաձայնեցված սկզբունքները գործնական հարթություն տեղափոխելուն եւ կայուն կարգավորման հասնելուն»:





























