Լոս Անջելեսում դատապարտվել է «Հայկական ուժ» խմբավորման վերջին անդամներից մեկը: Գործը  խմբավորման դեմ հարուցվել էր դեռեւս 2011-ին եւ ներառում է ընդհանուր առմամբ 90 մեղադրյալի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղի դաշնային դատախազությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ նրանցից միայն երկու-երեք հոգի չեն դատապարտվել: «Հայկական ուժը»,  որի կազմում հաշվվում է մոտ 250 լիիրավ անդամ, ձեւավորվել է 1980-ականներին Լոս Անջելեսում:

Խումբը սկզբնական շրջանում ձեւավորվել էր օտարներից եւ մրցակիցներից պաշտպանվելու համար, սակայն հետագայում վերածվել էր հանցախմբի, որը զբաղվում է ամեն ինչով՝  սպանություններից եւ խարդախություններից մինչեւ շորթում եւ բանկերի թալան:

Ապրիլին հանցախմբի 36-ամյա անդամ Արամ Շարոպետրոսյանը՝ «Ձի» մականունով, մեղավոր էր ճանաչվել հանցավոր դավադրության եւ դրամաշորթության մեջ եւ այժմ Լոս Անջելեսի դատարանի կողմից դատապարտվել է 16 տարվա ազատազրկման: Սա երեք տարով քիչ է դատախազության խնդրածից, բայց զգալի շատ պաշտպանի պահանջածից, որը երկուսուկես տարի էր առաջարկում դատարանին:

Փաստաբան Չարլզ Պերեյրա Սուարեսը պնդում էր, որ իր պաշտպանյալն արդեն 25 տարվա ժամկետ էր կրում, որին դատապարտվել էր երկու տարի առաջ, իսկ խոսքը այս կամ այն կերպ վերաբերում է նույն հանցագործությանը, այդ պատճառով դատախազությունը պարզապես ցանկանում է արհեստականորեն ուռճացնել Շարոպետրոսյանի խափանման միջոցը:

2012թ. Շարոպետրոսյանը 25 տարով դատապարտվել էր խոշոր խարդախության համար, որը իրականացրել էր բանտից՝ աֆրոամերիկյան փողոցային հանցախմբի հետ: Այդ ընթացքում Շարոպետրոսյանը 10-ամյա ժամկետ էր կրում ապօրինի զենք պահելու եւ մարդկանցով լի մեքենայի վրա կրակ բացելու համար:

Հայը եւ նրա սեւամորթ համախոհ Անգուս Բրաունը նույն խցում էին եղել եւ ազատության մեջ գտնվող ընկերների հետ կապ էին հաստատել գաղտնի բանտ մտցրած բջջային հեռախոսով: Նրանք կաշառել էին բանկերի աշխատակիցներին, որոնք նրանց  տրամադրել էին հաճախորդների անձնական տվյալներն ու ռեկվիզիտները: Դա խաբեբաներին հնարավորություն էր տվել գումարներ հանել նրանց հաշիվներից: Տուժածները հիմնականում տարեց մարդիկ էին, որոնք հաճախ ունեին մի քանի հաշիվներ, որոնց հետեւելը դժվար էր:

Ըստ դատախազության՝ ընդհանուր առմամբ զոհերը 8 մլն դոլարի վնաս էին կրել:

Այժմ Շարոպետրոսյանին համանման խարդախություն է վերագրվում, որը դարձյալ իրականացրել է բանտից, դարձյալ զոհերը տարեցներն են եղել: Սակայն այս անգամ հիմնական մեղադրանքը տուժած Մ.Մ.-ից պարտքի  շորթումն է եղել:

Դատախազությունը չի հերքել, որ նա Շարոպետրոսյանի քենուն պարտք էր մոտ 100 հազար դոլար: Սակայն ամերիկյան օրենքները չեն ողջունում մեղադրյալի եւ նրա համախոհների կիրառած մեթոդներով անգամ ամենաօրինականն պարտքերի ստացումը: Ըստ դատախազների՝ համախոհների շարքում էր նաեւ «Հայկական ուժի» պարագլուխներից մեկը՝ Մհեր Դարբինյանը, որը հայտնի է Կապոնե մականունով: Վերջինս գործով անցնում է Շարոպետրոսյանի, Էմիլ Հայրապետյանի եւ Լուսինե Օհանջանյանի հետ միասին:

Մեղադրող կողմը ատենակալներին Շարոպետրոսյանի զրույցների բազմաթիվ ձայնագրություններ է ներկայացրել, որոնցում վերջինս սպառնում էր առեւանգել, ծեծել եւ սպանել Մ.Մ.-ին, ինչպես նաեւ նրա հորն ու երեխային:

Տուժածից պարտքը ստանալու փորձերը շարունակվել էին շուրջ կես տարի, բայց միայն 20 հազար դոլար էր հաջողվել ստանալ:

Դարբինյանը դատավճռին կծանոթանա հոկտեմբերի 7-ին: