Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցությունը սեպտեմբերի 25-ին հանդիպելու է Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող՝  տոնավաճառների առեւտրականների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է նրանց օգնել:

NEWS.am-ի հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն ասաց, որ մինչեւ լուծում գտնելը՝ կարելի է վարչարարության պահանջը մեղմ տարբերակով անել:

«Մենք հազարավոր աշխատատեղեր ենք կորցնելու: Կառավարությունը փաստարկ է բերում այն, որ այս կերպ պայքարում են ստվերի դեմ: Ինքս կողմ եմ ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը, սակայն դեմ եմ, որ այն իրականացվի փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմանների վատթարացման հաշվին: Անպայման պետք է օրենքում ուղղումներ կատարել: Առեւտրականները դիմել են մեզ եւ վաղվանից մենք հանդիպումներ ենք ունենալու, ստեղծելու ենք աշխատանքային խմբեր: Իսկ մինչեւ այդ էլ՝ չպետք է հարկային հոկտեմբերի 1-ից հարձակվի առեւտրականների վրա, պետք է մեղմ վարվել, միայն անհրաժեշտության դեպքում տուգանել»,- ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ կարելի է ընդունված օրենքն այնպես փոփոխել, որ դրանից չտուժեն ՓՄՁ-ները: Հարցին՝ հնարավոր է սա արվում է՝ խոշոր բիզնեսը զարգացնելու համար, Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Կառավարությունն ինքն էլ է հասկանում, որ պետք է սոցիալական խնդիր լուծել, չի կարող այսպես կոնկրետացում լինի: Անհնար է»:

Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների դեմ բողոքող՝ Երեւանի տոնավաճառների մի քանի հարյուր առեւտրականներ սեպտեմբերի 23-ին հավաքվել էին կառավարության շենքի մոտ, հանդիպել վարչապետի հետ, որն էլ թեեւ լսել է նրանց, սակայն հստակ ասել է, որ օրենքը չի կասեցվելու:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի տոնավաճառների աշխատողները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին:

Նոր փոփոխությամբ՝ առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: