Լոռու մարզի Գուգարք գյուղում սեպտեմբերի 18-ին Հայկուշ Աշուղյանին սպանելու եւ Րաֆֆի Աշուղյանին վիրավորելու մեջ մեղադրվող Արթուր Ղավալյանը Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ոստիկանները պարզել են, որ Արթուր Ղավալյանը 2011 թ. նոյեմբերի 18-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում սեպտեմբերի 18-ի գիշերը ողբերգական դեպք է տեղի ունեցել. ոստիկանները տներից մեկի ննջասենյակում գտել են Հայկուշ Աշուղյանի դին եւ վիրավորված 23-ամյա Րաֆֆի Աշուղյանին:

«Ոստիկաններին հաջողվել է գտնել նաեւ սպանողին. Րաֆֆիի մտերիմ ընկերն է՝ Արթուր Ղավալյանը, որը մեր գյուղացին չէ, էստեղ ապրում էր մորաքրոջ տանը: Արթուրն էլ է վիրավոր, նրան էլ են տեղափոխել հիվանդանոց: Թե ինչ է տեղի ունեցել, չգիտենք, ոչինչ չեն ասում»,- NEWS.am-ին ասել էր Գուգարքի գյուղապետ Աշոտ Աշուղյանը: