Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար, այսպես կոչված «Բանդայի գործով» մեղադրվողների նախկին դատավճիռները հրապարակելը նրանց անունը սեւացնելու եւ հասարակության մոտ նրանց հանցագործ ներկայացնելու նպատակ ունի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Բանդայի գործով» հերթական դատական նիստին հայտարարեց բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը։
«Արտուշ Հակոբյանին ներկայացնում են որպես հանցագործ, որն ավազակային հարձակումներ է արել, բայց ինչո՞ւ նախորդ հանցագործությունների ժամանակ նրա տնից չեն հայտնաբերել այն զենքն ու զինամթերքը, ինչ որ այս գործի ժամանակ հայտնաբերեցին։ Այս հրապարակումների միակ նպատակը Արտուշ Հակոբյանին որպես հանցագործ ներկայացնելն է, որ տեսեք՝ էս «Բանդայի գործով» էլ ինքը կարող էր լինել, բայց մեղադրողը մոռանում է նշել,որ այդ ավազակային հարձակումները, որ այդպես լավ ներկայացնում է, չեն հաստատվել»,-ասաց փաստաբանը։
Փաստաբան Ռաֆիկ Սաֆարյանը նույնպես դժգոհեց այս կապակցությամբ՝ դատարանին հիշեցնելով, որ չի կարելի մեղադրյալների նախորդ գործերով եղադրանքները ներկայացնել ՝ չնշելով, որ այդ մեղադրանքները չեն հիմնավորվել։
Նրանց միացավ նաեւ ամբաստանյալ Սամվել Դավթյանի փաստաբանը։ Նրա պաշտպանյալի եւ դատախազի միջեւ միջադեպ տեղի ունեցավ. երբ դատախազը թվարկում էր նրա նախկին մեղադրանքները՝ 20-ից ավելի դրվագներով, մեղադրյալը վրդովվեց. «Ամեն անգամ կարդում եք, ինչի՞ եք նույն բանը կարդում»։
Դատավոր Մեսրոպ Մակյանը նկատողություն արեց մեղադրյալին։
Նշենք, որ մեղադրողն այս դատական նիստին ընթերցեց բոլոր մեղադրյալների նախկին մեղադրանքների ցանկը, որոնք հիմնականում ավազակային հարձակումներ էին։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։





























