Դանակի 21 հարվածով կնոջը՝ 35-ամյա Դիանա Նահապետյանին սպանելու համար մեղադրվող Վոլոդյա Մուրադյանի հանրային պաշտպանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալի նկատմամբ ապօրինի մեղադրանք է առաջադրվել։ Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, փաստաբան Անդրանիկ Մնացականյանը Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանին միջնորդեց դատական վիճաբանությունների փուլից վերադառնալ դատական քննության փուլ:

«Սույն գործի ապացույցները ոչ ամբողջությամբ են զննվել, չի ապացուցվել Վոլոդյա Մուրադյանի մեղքը, եւ նրա նկատմամբ ապօրինի մեղադրանք է առաջադրվել»,- ասաց Անդրանիկ Մնացականյանը` ավելացնելով, որ Դիանա Նահապետյանի երկու դուստրերի հարցաննությունը թերի է եղել ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլերում։

Դիանա Նահապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանը չառարկեց միջնորդությանը,  դատավոր Գագիկ Սարգսյանը բավարարեց այն։

Դատական նիստից հետո, սակայն, Նարինե Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ  պաշտպանական կողմի պահանջը՝ կրկնակի հարցաքննության կանչել Դիանա Նահապետյանի դուստրերին, անհիմն է:

«Վկաներն արդեն հարցաքննվել են։ Երեխաները դեպքի ժամանակ անչափահաս են եղել, եւ կրկին դատարան ներկայանալը, դեպքի մանրամասները պատմելը  հոգեբանական ճնշում կլինի, քանի որ երեխաներից մեկը մինչեւ հիմա անչափահաս է: Ես գտնում են, որ այդ պահանջն անհիմն է»,- ասաց Նարինե Մկրտչյանը:

NEWS.am-ի հետ զրույցում նա նշեց, որ երբ սկսվի դատական ճառերի փուլը, ինքը ամբաստանյալ Վոլոդյա Մուրադյանի համար պահանջելու է ծանր պատիժ:

«Մեղադրողը պահանջել է 12 տարի, եւ երբ ինձ տրվի ճառի հնարավորություն, ես պահանջելու եմ ծանր պատիժ, քանի որ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ մասով  նախատեսված է նվազագույնը 12 տարի, իսկ առավելագույնը` ցմահ ազատազրկում»:

Նշենք, որ դատավարությանը Դիանա Նահապետյանի մորը` Վալյա Նահապետյանին աջակցելու համար դատարան էին գնացել «Հասարակություն առանց բռնության» ՀԿ անդամները:

Հիշեցնենք, որ  Դիանայի ամուսինը` 51-ամյա Վոլոդյա Մուրադյանը, 2012թ. դեկտեմբերին առանձնակի դաժանությամբ սպանել էր իր կնոջը: Սկզբում ծաղկամանով հարված էր հասցրել վերջինիս գլխին, այնուհետեւ ոտքով հարվածել ծնոտին եւ մարմնի այլ մասերին, իսկ վերջում քարշ էր տվել խոհանոց եւ 21 դանակի հարված հասցրել: Վերոնշյալ տեսարանին ականատես էին եղել Դիանայի 14-ամյա եւ 17-ամյա դուստրերը, ովքեր դուրս են վազել բնակարանից եւ հարեւաններից օգնություն խնդրել: