Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը «պարզաբանել է», թե ինչ է նկատի ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության մամուլի քարտուղար Նիկոլաս Բարնեթն ԱՊԱ գործակալությանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության բանակցություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին սատարող ԱՄՆ քաղաքականությունն անփոփոխ է:

«Հայաստանում մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով այն մասին, որ «անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո ղեկավարության ձայնը՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նկատի չի ունեցել խաղաղության բանակցություններում երրորդ կողմի մասնակցությունը»,- հայտարարել է Բարնեթը:

«Ողբերգություն է, որ պատերազմի զոհ են դառնում անմեղ մարդիկ: Այդ իրավիճակն ինձ ստիպում է ձգտել վերջ տալ լարվածությանը, միաժամանակ, ավելի մեծ ջանքեր գործադրել քաղաքացիական անձանց շրջանում կորուստները կանխելու նպատակով: Ամենից հաճախ զոհ են դառնում խաղաղ բնակիչները, կանայք եւ երեխաները: Այդ կորուստներին վերջ դնելու նպատակով կողմերը ելք պետք է փնտրեն: Սահմանագծի միջադեպերը ողբերգություն են: Անհրաժեշտ է լսել Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո ղեկավարության ձայնը: Այդ պատճառով համանախագահները շարունակում են այցելել Լեռնային Ղարաբաղ եւ հանդիպել դե-ֆակտո ղեկավարության հետ»,- ամերիկացի համանախագահի խոսքերն է մեջբերել դեսպանության աշխատակիցը:

Այս առիթով նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են բանակցային գործընթացին Ստեփանակերտի մասնակցության անհրաժեշտությունը: