Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում բացվում է 69-րդ Գլխավոր վեհաժողովի ընդհանուր քաղաքական քննարկումը: Դրա մասնակիցների առջեւ ելույթ են ունենալու պետությունների եւ կառավարությունների շուրջ 140 ղեկավարներ, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարներ եւ այլ մակարդակի պատվիրակությունների ղեկավարներ:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ, սեպտեմբերի 24-ին Գլխավոր վեհաժողովի ամբիոնից առաջինը ներկաներին դիմելու են Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի նախագահները:

Նույն օրը պատվիրակների առջեւ ելույթ են ունենալու Ուգանդայի, Իսպանիայի, Մավրիտանիայի, Չիլիի, Կորեայի Հանրապետության, Քաթարի, Հայաստանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի, Հորդանանի, Մեքսիկայի, Ֆինլանդիայի, Ինդոնեզիայի, Արգենտինայի եւ Թուրքիայի ղեկավարները:

Օրվա երկրորդ կեսին ելույթ են ունենում Բոլիվիայի, Ռուանդայի, Դոմինիկյան Հանրապետության, Քենիայի, Կոստա Ռիկայի, Մոնգոլիայի, Նիգերիայի, Հոնդուրասի, Չեռնոգորիայի, ՀԱՀ-ի, Շվեյցարիայի, Չադի, Էստոնիայի, Հասարակածային Գվինեայի, Շրի Լանկայի, Վենեսուելայի, Զամբիայի, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Դանիայի եւ Ուկրաինայի կառավարությունների ղեկավարները:

Ընդհանուր ելույթներից առաջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կառույցի անդամ-պետություններին ներկայացնելու է Կազմակերպության աշխատանքի մասին տարեկան զեկույցը: