Հայաստանը դրական է գնահատում ԼՂ հակամարտության հարցում Չեխիայի իշխանությունների, մասնավորապես Արտաքին գործերի նախարարության հավասարակշռված դիրքորոշումը: Այդ մասին ասել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Չեխիայի խորհրդարանի սենատի Վալդշտեյնի պալատում Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի անունից՝ ի պատիվ ԱԺ պատվիրակության այցի տրված պաշտոնական ճաշին:

«Հարկ է նշել, որ Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձեւաչափում ընթացող բանակցությունների շրջանակում միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, որոնք կապահովեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտությունն ու անվտանգությունը: Կցանկանայի ընդգծել, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա: Դրա վառ վկայությունը վերջերս Շոտլանդիայում անցկացված հանրաքվեն էր:

Կարեւորելով երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը միջազգային կառույցների շրջանակներում, մասնավորապես Միավորված Ազգերի Կազմակերպության շրջանակում, ինչպես նաեւ Եվրոպայի Խորհրդի եւ Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության խորհրդարանական վեհաժողովներում, ցանկալի կլիներ, եթե Եվրախորհրդարանի չեխ պատգամավորները եւս ակտիվորեն աջակցեին այդ կառույցում տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների ձեւավորմանը»,- նշել է Շարմազանովը:

Նրա խոսքով, 2015 թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի կապակցությամբ կանցկացվեն բազմաթիվ միջոցառումներ: «Պաշտոնապես հրավիրում եմ Ձեզ մասնակցելու ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացվելիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագրով համաշխարհային համաժողովին:

Ինչպես գիտեք, բոլորովին վերջերս Հունաստանի խորհրդարանը քրեականացրեց  Հայոց ցեղասպանության ժխտումը: Հուսով ենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Չեխիայի Հանրապետության խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ կմիանա այն երկրներին, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը որպես մարդկության դեմ կատարված ոճրագործություն»,- ասել է Շարմազանովը: