Բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում եւ առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու մեջ մեղադրվող բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի բջջային հեռախոսահամարին նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տան ավազակային հարձակման ժամանակ զանգեր չեն գրանցվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, «Բանդայի գործով» դատական նիստին ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը՝ ընթերցելով Արտուշ Հակոբյանի բջջային զանգերի վերծանությունները։
«Դեպքն առավոտյան ժամը 5-ի սահմանում է եղել, իսկ զանգերը մինչեւ գիշերը ժամը 3-ն են եղել, եւ դրանից հետո առավոտյան ժամը 11-ին են եղել։ Այս հանգամանքը մենք հետագայում կգնահատենք»,-ասաց դատավորը։
Անդրադառնալով իր պաշտպանյալ Սամվել Դավթյանի նախկին դատվածություններին՝ փաստաբան Կարեն Հակոբյանը նշեց, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես ներկայիս հանցագործություններին իր պաշտպանյալի հնարավոր մեղսակցության ապացույց։
«Այս հանցագործությունների ձեռագիրը նման չէ նրա կատարած նախկին հանցագործությունների ձեռագրին։ Նախկինում իմ պաշտպանյալն ընդունել է իր կատարած արարքները, սակայն հիմա ինքը չի ընդունում իր մեղքը, այսինքն մեղավոր չէ»,-ասաց պաշտպանը։
Դատախազը հակադարձեց. «Մարդը զարգացող էակ է եւ նրա մեթոդները կարող են կատարելագործվել»։
Սամվել Դավթյանը չհամաձայնեց դատախազի հետ՝ նշելով, որ ինքն ընտանիք ունի, հաշմանդամ երեխա եւ այլ ուղղությամբ է զարգացել, ոչ թե ավազակային հարձակում կատարելու ուղղությամբ։
Արտուշ Հակոբյանի փաստաբան Հովիկ Արսենյանը միջնորդեց դատարան ներկայացնել զենքերի փորձաքննության մատյանները, նաեւ ժապավենները, որոնց վրա մատնահետքերն են եւ դատարան հրավիրել մատնադրոշմանշային փորձագետ Արտակ Մինասյանին։
Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի՝ որոշելով դատարան հրավիրել միայն փորձագետին։
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար: Ամբաստանյալները պնդում են, որ իրենք մեղավոր չեն, գործը բարդել են իրենց վրա։




























