Այսօր` սեպտեմբերի 24-ին, ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը հանդիպում ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության Երեւանի տարածքային եւ մարզային  կառույցների ղեկավարների հետ: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոփոխված կազմով սա առաջին հանդիպումն էր կառավարության ղեկավարի հետ: ՀՀ վարչապետը պարբերաբար աշխատանքային հանդիպումներ է ունենում ՀՀԿ ԵԿ անդամների հետ, որոնց ընթացքում քննարկվում են բազմաբնույթ հարցեր:

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը եւ նախանշեց առաջիկա անելիքները:

Հանդիպմանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով խոսեց մայրաքաղաքում իրականացվող ծրագրերի մասին, պատմեց նախատեսվող միջոցառումների մասին:

Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ մի շարք կարեւոր խնդիրների: Խոսեց կազմակերպչական հարցերի, բարեփոխումների փաթեթների` հատկապես հարկային եւ մաքսային բարեփոխումների, ներդրումային ծրագրերի, տարածքային համաչափ զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանում եւ հատկապես մարզերում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման կարեւորությանը: Պարոն Աբրահամյանը նշեց, որ սահմանապահ գյուղերին կտրվեն արտոնյալ պայմաններ:

Վարչապետը պատասխանեց նաեւ երիտասարդների հարցերին եւ լսեց նրանց առաջարկները:

Հարցերը վերաբերում էին  կազմակերպչական խնդիրներին, ներքաղաքական իրադարձություններին, կառավարության ծրագրին:

Կառավարության ղեկավարը հորդորեց երիտասարդներին օգտագործել իրենց ակտիվությունը` ի նպաստ ոլորտային ծրագրերի:

Հանդիպման ավարտին երիտասարդներից մի քանիսը ստացան կուսակցության անդամության տոմսերը կուսակցության նախագահի տեղակալից: