Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո նրա գնդապետ եղբոր դեմ հարուցված քրեական գործով այսօր Գորիսի դատարան է ներկայացել Սուրիկ Խաչատրյանի տիկինը՝ Լորետա Բարսեղյանը՝ տուժողի կարգավիճակում, հաղորդում է «Ազատություն»-ը: 

Գորիսում դատավարությանը հետեւող լրագրող Մերի Սողոմոնյանի փոխանցմամբ, դատավոր Նապոլեոն Օհանյանը նիստին ներկա լրագրողներին արգելել է տեսագրել նախկին մարզպետի տիկնոջը, թեեւ դատական նիստը բաց է եւ հրապարակային:

Սուրիկ Խաչատրյանի 20-ամյա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, այսօր դատարան չի ներկայացել: Նա կալանավորվել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանի սպանության մեղադրանքով, սակայն իրավապահները որոշում էին կայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Այժմ Տիգրան Խաչատրյանը այս գործով վկայի կարգավիճակ ունի: Տիգրան Խաչատրյանի մայրը՝ տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանը, դատարանին հստակ տեղեկություն չի հայտնել, թե որտեղ է որդին:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունն է հրավիրել Լորետա Բարսեղյանի գրավոր բացատրությանը: Լորետա Բարսեղյանին հարց է ուղղել դատավորը՝ «չի՞ ասել, Հայաստանի Հանրապետությունից բացակայում է արդյոք, թե՞ ոչ»:

«Նրա անվտանգությունից ելնելով ես չեմ կարող ասել», - պատասխանել է Լորետա Բարսեղյանը:

Դատարանն այսօր հետազոտել է գործին կցված տեսանյութերը: Հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 2-ին, նախատեսվում է հետազոտել ձայնագրություն, որտեղ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանն, ըստ արձանագրության, որդուն հանդիմանում է սպանության համար:

Մանրամասները՝ սկզբաղբյուր կայքում: