Սերոբ Տեր-Պողոսյանը մահը որեւէ կերպ չի ազդելու «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» աշխատանքի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:
Նա նշեց, որ վաղուց Սերոբ Տեր-Պողոսյանը կապ չունի այդ կոմբինատի հետ, որոշ ժամանակ նրա կինն էր զբաղվում այդ հարցերով, սակայն այժմ տնօրենն ուրիշ է: Կոմբինատի տնօրենն է Սասուն Ավետիսյանը, ով քաղաքապետի փոխանցմամբ, նոր աշխատատեղեր է ավելացրել: Հայտնի չէ՝ Սերոբ Տեր-Պողոսյանի կինը վաճառել է կոմբինատը, թե տվել է կառավարման: Հայկազ Խաչիկյանը նշեց, որ ինքը եւս լսել է, որ կոմբինատը ցանկանում է գնել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:
Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը օգոստոսի 21-ին հիվանդանոց էր տեղափոխվել հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով: Իսկ սեպտեմբերի 21-ին ժամը 09:05-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2012թ նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման էր դատապարտել մանկապղծության համար:




























