ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը, ամփոփելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկու երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքները, հաղորդել է, որ Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը նշել են Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջ Մինսկում ձեռքբերված պայմանավորվածությունների հնարավորինս արագ իրացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով՝ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերրիի հանդիպումը տեւել է մոտ 40 րոպե:

«Պետքարտուղար Քերրին եւ նախարար Լավրովը քննարկել են Ուկրաինայի իրավիճակը եւ նշել հրադադարի շուրջ համաձայնության 12 կետերի հնարավորինս արագ եւ լիակատար իրացման անհրաժեշտությունը», - նշվում է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցչի հաղորդագրության մեջ, հաղորդում է «Rosiskaya gazeta»-ն:

Դիվանագետը հայտարարել է, որ Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերրին նաեւ քննարկել են «Իսլամական պետությունը» խմբավորման հակազդման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ իրանական ատոմային ծրագրի հարցի շուրջ միջազգային միջնորդական «վեցնյակի» համագործակցության հեռանկարները: