Պրահայում հնարավոր է հայկական եկեղեցու համար տարածք հատկացվի: Պրահայում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի հետ հանդիպման ժամանակ նման հույս է հայտնել պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը դրական է գնահատել Հայաստանի եւ Չեխիայի միջեւ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով եւ այս առումով կարեւորել Հայ առաքելական եկեղեցու եւ չեխ կաթոլիկ եկեղեցու փոխգործակցությունը: Շնորհակալություն հայտնելով Պրահայի արքեպիսկոպոսին հայ ժողովրդի եւ Հայ առաքելական եկեղեցու հանդեպ ունեցած մեծ հարգանքի համար՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Դոմինիկ Կարդինալ Դուկայի ջանքերը Պրահայի կենտրոնում հայկական առաջին խաչքարի տեղադրման ուղղությամբ եւ կարեւորել նրա մասնակցությունը օրհնության կարգին:

ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ հնարավորության դեպքում Պրահայում հայկական եկեղեցու համար տարածք կհատկացվի:

Էդուարդ Շարմազանովը գոհունակությամբ նշել է, որ Դոմինիկ Կարդինալ Դուկան երկու անգամ մասնակցել է ապրիլքսանչորսյան միջոցառումներին, առանձին հանդիպումներ ունեցել համայնքի եւ դեսպանության ներկայացուցիչների հետ: Նա Չեխիայի հոգեւոր առաջնորդին տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին պաշտոնապես հրավիրել է 2015 թվականին այցելել Հայաստան: 

Հանդիպմանը ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանում եւ Թուրքիայում հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության ոչնչացմանն ուղղված գործողություններին, մասնավորապես նախկինում հայերով բնակեցված եւ այսօր արդեն հայաթափված Նախիջեւանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի եւ ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացմանը: ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է օրերս Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը՝ այն որակելով մշակութային ցեղասպանության վառ դրսեւորում: Նա նշել է, որ սա ոչ միայն հայկական, այլեւ համաքրիստոնեական հոգեւոր արժեքների ոչնչացում է:

Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկան համաձայնել է ԱԺ փոխնախագահի գնահատականի հետ՝ իր հերթին դատապարտելով Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: