Միշտ էլ ասել ենք, որ հայ-թուրքական արձանագրությունները չեն համապատասխանում հայկական շահերին, դրանք խիստ անհրաժեշտ են Թուրքիային: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա շեշտեց, որ այդ արձանագրությունները պետք են Թուրքիային ոչ թե դրանք կյանքի կոչելու համար, այլ դրանք գործընթաց են, «պատահական չէր, որ շրջանների վերադարձ էր պահանջում Ադրբեջանին, որպեսզի սահմանը բացի»: «Ոչ միայն պատմաբանների հանձնաժողով եւ սահմանի ճանաչման նախապայմաններն էին, այլեւ ԼՂՀ նախապայման կա: Այս ընթացքում Հայաստանը որեւէ բան չի շահել, միայն Թուրքիան է շահել, ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ գործընթացներին»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ շեշտելով, որ այդ արձանագրությունների մասին ոչ դրական արտահայտվել են ոչ միայն քաղաքական գործիչները, այլեւ չեզոք մասնագետները:
Անդրադառնալով ինքնորոշման սկզբունքին՝ «Ժառանգության» անդամն ասաց, որ դրա համար պետք են լեգիտիմ իշխանություններ, պետք է Հայաստան, որը գործընկերների հետ նորմալ հարաբերություններ է պահպանում, եւ ոչ թե շրջանակային քաղաքականություն է իրականացնում եւ արտաքին շահերը սպասարկում իշխանության երկարաձգմանը: «Այդ պարագայում հանրաքվեի ինստիտուտը դրական ազդեցություն կունենա ԼՂՀ կարգավորման գործընթացում»,-ասաց նա:
Նշենք, որ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ ասել է, թե ՄԱԿ-ի ոչ մի բանաձեւում Հայաստանը չի նշվել որպես հակամարտող կողմ: Նա նաեւ հայտարարել է, թե պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը, ասելով «Գրողի ծոցը վավերացնեք»: Հայաստանի նախագահը նաեւ նշել է, թե «Շոտլանդիայում տեղի ունեցած հանրաքվեն կրկին ապացուցեց, որ հենց հանրաքվեի ինստիտուտն է ներկայում հետեւողականորեն դառնում էթնիկ խնդիրների կարգավորման իրավական գործիքներից մեկն աշխարհում:




























