Գորիսեցիներին ցնցել է Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Կառավարության որոշումից հետո NEWS.am-ը հարցում անցկացրեց գորիսեցիների շրջանում, արձագանքը բավական հակասական էր։

«Սա ապտակ էր բոլորիս իշխանությունների կողմից, արհամարանք ու անտարբերություն, հանցագործի համար նոր ճանապարհներ բացելով՝ նշանակում է թքած ունենալ հասարակության վրա, էս ա մեր երկիրը, ու մենք ստեղ շարունակում ենք ապրել, ի՞նչ կա մեր ձեռը»,- ասաց գորիսեցի մի երիտասարդ, որը չցանկացավ իր անունը հրապարակել:

Ընդհանուր առմամբ, գորիսեցիների շրջանում գերիշխում էր բացասական վերաբերմունքը, ակնհայտ էր նաեւ վախի մթնոլորտը, քանի որ ոչ ոք չցանկացավ տեսախցիկի առջեւ խոսել կամ ներկայանալ։

«Ի՞նչ է արել Սուրիկ Խաչատրյանը, ո՞ւմ է հաշվի առել, ինչ ուզեցել, էնպես էլ արել է, հիմա գալիս է՝ ինչ անի, ջահելների գլո՞ւխը ուտի, էտ ա դրա արածը»,- ասաց մի գորիսեցի։

Փոքրաթիվ դրական կարծիքներ նույնպես հնչեցին։

«Մեր Գորիսեցին է, լավ է, թո գա, էլի, մի բան կանի էս քաղաքի համար, միշտ էլ ինքն է եղել»,-ասաց 75-ամյա Սլավիկ Մինասյանը։