Լրագրողներին հետաքրքրում էր մի հարց, որը նախարարի օրակարգում չէր եւ նրանք չէին ցանկանում լսել, այդ պատճառով Հովհաննես Մանուկյանը դադարեցրեց իր ասուլիսը մեկնարկից 7 րոպե անց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մամուլի քարտուղարը՝ Ծովինար Խաչատրյանը:

Նա նշեց, որ ճեպազրույցի համար նախատեսված 10 րոպեից ուղիղ 7 րոպե Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը փորձում էր ներկայացնել այն երկու կարեւոր նախագծերը, որոնք ընդունվել են Կառավարության այսօրվա նիստում: «Հենց սկզբից լրագրողները սկսեցին բոյկոտել, 7 րոպե շարունակ նախարարը փորձում էր բոլորի ուշադրությունը հրավիրել այն նախագծերի վրա, որի համար տվյալ պահին այդտեղ էր: Քանի որ լրագրողներին այլ հարց էր հետաքրքրում, ինչը նախարարի օրակարգում չէր եւ չէին ցանկանում լսել, նախարարը դադարեցրեց ասուլիսը 7-րդ րոպեին եւ հեռացավ»,-հավելեց մամուլի քարտուղարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարությունում նախարարների այսօրվա ճեպազրույցներն տապալվում են: Բանն այն է, որ լրագրողները նախարարներից մեկնաբանություն եւ կարծիք են խնդրում հայտնել Սյունիքի մարզպետի պաշտոնին Սուրիկ Խաչատրյանի նշանակման վերաբերյալ, իսկ նախարարներն էլ չեն ցանկանում անդրադառնալ այդ հարցին:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին գործուղել էր ճեպազրույցի, որպեսզի ներկայացնի այն նախագծերը, որոնք ընդունվել: Լրագրողները Հովհաննես Մանուկյանից անընդհատ հարցնում էին, թե ինչպես է վերաբերում Սուրիկ Խաչատրյանի նշանակմանը՝ թույլ չտալով, որ նա անդրադառնա նախագծերին: Այդ պատճառով Արդարադատության նախարարը լքել է մամուլի սրահը: Հաջորդը ասուլիս պետք է տար Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Սարգսյանը, ով սակայն հրաժարվեց լրագրողների հետ հանդիպումից: