Վիեննայում, սեպտեմբերի 22-26-ը ընթանում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջուկային գործակալության Գլխավոր կոնֆերանսի 58-րդ նստաշրջանը, որին մասնակցել է նաեւ ՀՀ պատվիրակությունը` ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում կոնֆերանսին մասնակցել են նաեւ  ՀՀ կառավարության Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վանիկ Ներսեսյանը, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ինչպես նաեւ ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 23-ին Գլխավոր կոնֆերանսում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ղեկավար Արեգ Գալստյանը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալն անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ Հայաստանի երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությանը՝ տարբեր ուղղություններով: Նա մասնավորապես խոսել է Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման եւ այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների, ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, ԱԷՄԳ-ի հետ համատեղ ՀՀ-ում իրականացվող ծրագրերի մասին: