Հայաստանի սահմանամերձ գյուղերում իրականացվող տնտեսական գործունեությունը կազատվի հարկերից: Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կառավարությունը հավանություն է տվել «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ արտոնությունը վերաբերում է ավելացված արժեքի հարկին, շահութահարկին ու եկամտահարկին: «Բնականաբար արտոնություն է սահմանված նաեւ այն բոլոր գործունեության տեսակների համար, որոնք հարկվում են այլընտրանքային հարկման դաշտում՝ արտոնագրային վճարներով»,- ասել է նա՝ հավելելով, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից: