«Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքով փոքր ու միջին ձեռնարկատերերին փաստաթղթաշրջանառության տեսակետից այնպիսի պահանջներ են ներկայացվում, որ անգամ ամենաիդեալական հարաբերությունների դեպքում դրանք կատարելն անհնար է: Այս մասին սեպտեմբերի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել էտնտեսական գիտությունների դոկտոր, ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը:

Ըստ նրա՝ երկրի ղեկավարությունը, հատկապես նրանք, ովքեր որոշում են կայացնում,  մեկ կարեւոր գործառույթ ունեն. քաղաքացիներին ապահովել աշխատանքով: «ԲՀԿ-ն հայտարարել է, որ մենք Հայաստանի նման փոքր երկրում պետք է կարողանանք զարգացնել գոնե փոքր եւ միջին բիզնեսը, քանի որ դրանք ընդգրկում են բնակչության հիմնական հատվածը, այստեղ մարդիկ շահույթ են ստանում, եւ դրա համար անհրաժեշտ է թեթեւացնել հարկային բեռը», - հիշեցրել է Վարդան Բոստանջյանը: Ըստ նրա՝ կարելի էր ընդհանրապես վերացնել այսպես կոչված եկամտահարկը: «Ինչպե՞ս կարելի է խոսել այն մասին, որ դա արվում է խոշոր ձեռնարկատերերի հարկերից խուսափելը կանխելու նպատակով: Մի՞թե մենք երկիր չենք, մի՞թե չունենք պետական կառույցներ կամ հարկային ծառայություններ, որ փոքր ձեռնարկատերը պետք է հայտնաբերի հարկային խախտումները», - վրդովվել է Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի շրջանառության հարկի դրույքաչափը 3,5%-ից դառնում է 1%,  փոխարենը ՓՄՁ-ները պիտի իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր ներկայացնեն համապատասխան մարմիններ, սակայն խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին: Տոնավաճառների աշխատակիցները սեպտեմբերի 25-ին երկրորդ անգամ են իրենց բողոքն արտահայտել, բողոքի հերթական ցույցը նախատեսվում է սեպտեմբերի 29-ին: