ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Մարտին Լեդոլտերին եւ Հարավկովկասյան տարածաշրջանի ծրագրերի ղեկավար Գյունտեր Զիմերին` Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում գործող եւ հետագա ծրագրերը քննարկելու նպատակով:
Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է հյուրերին Երեւանում Ավստրիայի զարգացման համագործակցության գրասենյակ հիմնելու առթիվ:
«Համոզված եմ, որ գրասենյակի բացումը լայն հնարավորություն կընձեռի երկկողմ բազմաբնույթ համագործակցությունը զարգացնելու համար եւ կնպաստի հայ-ավստրիական հարաբերությունների խորացմանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
Այնուհետեւ նախարարը հակիրճ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը, ոլորտի վերջին տարիների ձեռքբերումները եւ գոհունակությամբ նշել, որ դրանցում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ավստրիական կողմը: Ավստրիայի զարգացման գործակալությունը գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման եւ Արեւելյան գործընկերության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման 2014-2017 թվականների ծրագրերի համար տրամադրել է շուրջ 1,5 մլն եվրո:
Պարոն Լեդոլտերը, արտահայտելով հետայսու եւս Հայաստանի հետ համագործակցելու պատրաստակամությունը, նշել է, որ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որն ունի գործակցության մեծ ներուժ, եւ ավստրիական կողմի հետ համատեղ գյուղատնտեսության զարգացման ծրագրերը կունենան շարունակական բնույթ:
Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի առաջիկայում Ավստրիա կատարվելիք պաշտոնական այցը հնարավորություն կտա ծանոթանալ տեղի փորձին եւ պետական ու մասնավոր ընկերությունների հետ տեղում քննարկել համատեղ իրատեսական ծրագրեր իրականացնելու հեռանկարները:
Հանդիպման ընթացքում նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է ավստրիական կողմին քննարկել մի շարք հրատապ ծրագրերի, այն է` Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման եւ համարակալման, ոռոգման ժամանակակից համակարգերի ու այգետարածքների կարկտապաշտպան ցանցերի ներդրման, խորհրդատվական համակարգերի կատարելագործման համար ֆինանսավորման հնարավորությունները:
Նախարարը նպատակահարմար է համարել երկկողմ քննարկումների արդյունքներով կազմել եռամյա հեռանկարային ծրագիր, որում կընդգրկվեն վերը նշված նպատակներին հասնելու գործնական քայլերը:
Պարոն Լեդոլտերը պատրաստակամություն է հայտնել հանգամանորեն ուսումնասիրել հայկական կողմի ներկայացրած առաջարկություններն ու տեղեկացնել կայացրած որոշումների մասին:




























