ՄԻՊ-դատախազություն «փոխհրաձգությունը» շարունակվում է. հիմա էլ գլխավոր դատախազությունն է արձագանքել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությանը:

Դատախազության արձագանքում ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԻՊ հայտարարությանն անդրադարձել է՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, բնականաբար, կանխատեսելով  ՄԻՊ-ի կողմից  նմանօրինակ արձագանքը: Այդուամենայնիվ, վերահաստատելով արդեն իսկ հրապարակված դիրքորոշումը, Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ չի պատրաստվում մտնել նման պարզունակ եւ ավելի շատ, թերեւս, PR-ային տարրեր պարունակող հրապարակային երկխոսությունների մեջ եւ այսուհետ չի պատրաստվում մեկնաբանել նման հայտարարությունները:

Վստահ ենք, որ ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ եւ ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը: Դրական արդյունքների դեպքում հասարակությունը առանց նման հայտարարությունների էլ կտեսնի եւ կգնահատի արված աշխատանքը: Ըստ այդմ, այս պահին ձեռնպահ ենք մնում եւ անիմաստ համարում քրեական օրենսգրքի մեկնաբանությունների շուրջ քննարկումները շարունակելը, հաշվի առնելով, որ այդ մեկնաբանությունները վաղուց զետեղված են դասագրքերում:  Թեման համարում ենք սպառված»:

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատասխանել էր Գլխավոր դատախազության հայտարարությանը, ըստ որի Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցել է սեփական լիազորությունները եւ «ցուցում է» տվել դատախազին:

«Երեկվա իր հայտարարությամբ Գլխավոր դատախազությունը դրսեւորում է իրավական անգրագիտություն կամ չարամտորեն նենգափոխում է իրականությունն ու օրենսդրական ակնհայտ կարգավորումների էությունը: Այդ է պատճառը, որ Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով եւ օրենքների անգրագետ մեկնություններով»,-ասված էր ՄԻՊ-ի հայտարարությունում:

ՄԻՊ-ը սահմանազանցում է իր իրավասությունները. Դատախազի խորհրդական

Գլխավոր դատախազությունը իրավական անգրագիտություն է դրսեւորել. ՄԻՊ-ի լիկբեզը