Սույն թվականի սեպտեմբերի 26-ին ժամը 12:15-ին ՀՀ ԱԺ Արտաքին Հարաբերությունների մշտական հանձնաժողովում կքննարկվի «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին»  Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ստորեւ ներկայացնում ենք այդ փաստաթուղթը.

ՀՀ ԱԺ որոշումը «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին»

«Հաշվի առնելով միջազգային եւ ռազմաքաղաքական իրադրությունը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների նկատմամբ սպառնալիքներն ու մարտահրավերները՝

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է.

1. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը:

2. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների պետական  սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային եւ այլն) տեղակայումը:

3. Բացառել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը:

4. Բացառել Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որեւէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը եւ/կամ տարածքային ամբողջականությունը: