ՀԱԿ  գրասենյակի տարածքից այսօր` սեպտեմբերի 25-ին, ժամը 15:00-ի սահմանում, քաղաքացիական հագուստով մարդիկ բերման են ենթարկել ՀԱԿ անդամ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը, որն այս պահին ոստիկանությունում է:

«Ես քայլում էի դեպի ՀԱԿ գրասենյակ, այդ պահին քաղաքացիական հագուստով երկու անձ մոտեցան ինձ, ներկայացան Ոստիկանության քրեական հետախուզության վարչությունից, խնդրեցին ներկայանալ ոստիկանություն, ես ծանուցագիր պահանջեցի, բայց իրենք հրաժարվեցին ներկայացնել, ես ասացի, որ կգամ ձեզ հետ, բայց միայն գրասենյակ մտնեմ, իրենք ասացին` ուրեմն բերման ենք ենթարկում, նստացրին «Մերսեդես» մակնիշի մեքենան ու բերման ենթարկեցին»,-ասաց Վարդան Հարությունյանը՝ նշելով, որ իրեն բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Քննչական կոմիտեից NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ սեպտեմբերի 23-ին Կառավարության շենքի մոտ տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիայի ժամանակ հայհոյելու, երթեւկությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ 258 հոդվածի (խուլիգանություն) հատկանիշներով: Վարդան Հարությունյանին բերման են ենթարկել ոստիկանության նյութերի հիման վրա, ըստ որի այս գործողություններին մասնակցել է նաեւ ՀԱԿ անդամը։ Նախաքննական մարմինն այժմ նրան հարցաքննում է որպես վկայի։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի խոսքով՝ Վարդան Հարությունյանը ամենայն հավանականությամբ մի քանի ժամից ազատ կարձակվի:

Հիշեցնենք, որ այսօր Վարդան Հարությունյանը «Ոչ թալանին» նախաձեռնության անդամների հետ միասին մասնակցում էր Կառավարության շենքի մոտ «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ բողոքող՝ տոնավաճառների աշխատակիցների ակցիային։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ քանի թակարդ էին տեղադրել, ինչը նրանց ու առեւտրականների միջեւ վեճի պատճառ էր դարձել։