ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ հրատարակչության դեպարտամենտը մեկնաբանություն է տարածել Սիրիայում եւ Իրաքում գրոհայինների դիրքերին ԱՄՆ-ի ավիահարվածների վերաբերյալ:

Մեկնաբանությունում, մասնավորապես, ասված է.

«Սիրիայում եւ Իրաքում շարունակվում են «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերի ռմբակոծումները: Ընդ որում՝ Վաշինգտոնում պնդում են, որ հարվածներն իրականացվում են նշված ահաբեկչական կառույցի դեմ պայքարի «միջազգային դաշինքի» ուժերով:

Բնականաբար, սկզբունքային տեսանկյունից ահաբեկիչներին ակտիվ հակազդելը պատշաճ գնահատականի է արժանի:  Միաժամանակ, կատարվող դեպքերի ենթատեքստը նախկինի պես լուրջ հարցեր է  հարուցում: Նախ, ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը չգիտես ինչու նախընտրում էին չնկատելու տալ ԻՊ-ի ահաբեկչական բնույթը, երբ դրա գրոհայինները մարտնչում էին Սիրիայի կառավարական զորքերի դեմ: Կասկածելի է նաեւ հասցվող հարվածների օրինականությունը, քանի որ նման գործողությունների կարելի է դիմել միայն ՄԱԿ-ի արտոնելու դեպքում՝ այն երկրի պաշտոնական ղեկավարության համաձայնությամբ, որտեղ ձեռնարկվում են նման գործողությունները, տվյալ դեպքում՝ Դամասկոսի կառավարության:

Ակնհայտ է, որ այդպիսի հարցեր են ծագում ոչ միայն Մոսկվայում: Բացի դրանից  հրթիռա-ռումբային հարվածներ են հասցնում ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ արաբական մի քանի պետություններ, այն ժամանակ, երբ  գործողությանը մասնակցելու մասին հայտարարած մյուս երկրները սահմանափակվում են միայն հումանիտար գործունեությամբ: Այսպիսով, ընդարձակ դաշինքի մասին խոսք չկա:

Օդից հարվածների արդյունավետությունն էլ միանշանակ չէ: Չնայած «հաջողությունների» մասին բարձրագոչ հայտարարություններին, ԻՊ ահաբեկիչները շարունակում են շրջափակել քրդական Քաբանե քաղաքը Սիրիայի հյուսիս-արեւելքում, որի  գրավման դեպքում, բնակիչներին դաժան հաշվեհարդար է սպասվում, եթե ոչ ՝ բնաջնջում: Դրան զուգահեռ, ԻՊ վերահսկողության  տակ է շարունակում մնալ Սիրիայի Դեր Զորը, որտեղ, նույնպես ՄԱՆ-ի  «ջախջախիչ հարվածներից» հետո ԻՊ գրոհայինները պայթեցրել են հայկական եկեղեցին՝ պղծելով XX դարասկզբի Հայոց ցեղասպանության այնտեղ հանգչող  հայ նահատակների  մասունքները:

Իրաքում եւ Սիրիայում այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Ռուսաստանը հանդես է գալիս ահաբեկչության՝ որպես բացարձակ չարիքի դեմ հետեւողական եւ սկզբունքային արդյունավետ պայքարի դիրքերից: Մեր համոզմամբ՝ անհրաժեշտ է ահաբեկչության խնդրի եւ դրա տարածման պատճառների խոր եւ համակողմանի վերլուծություն, այդ թվում նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածքում: Մենք միջազգային հանրության բոլոր պատասխանատու կողմերին կոչ ենք անում հակաահաբեկչական  ընդհանուր ռազմավարություն մշակել եւ այն կյանքի կոչել: Հենց այդպիսի համընդհանուր մոտեցումն էլ, այլ ոչ թե նեղ կենտրոնացած «դաշինքը», կարող է ԻՊ-ի դեմ պայքարում  ցանկալի արդյունք տալ եւ օգնել մարդկությանն ազատել «XXI դարի այս ժանտախտից»: