Ոչ իշխանական եռյակը չի պահանջելու Կառավարության փոփոխություն, որովհետեւ Կառավարության փոփոխությունով երկրում ոչինչ չի փոխվի: Այս մասին այսօր` սեպտեմբերի 25-ին, Աբովյան քաղաքում ոչ իշխանական ուժերի առաջին մարզային իրազեկման հանրահավաքին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Պարոն Օսկանյանը ճիշտ ասեց, որ հույս չկա: Մենք ժամանակ տվեցինք կառավարությանը, բայց մենք համոզված էինք, որ ոչինչ չի փոխվելու: Եթե մենք Կառավարության հրաժարականը պահաջենք, եւ ասենք, թե Հովիկ Անրահամյանին հանեն, Գալուստ Սահակյանին բերեն, ի՞նչ է փոխվելու: Իրենք շատ շանսեր են ունեցել, որ բարեփոխումներ իրականացնեն, բայց իրենց ամեն քայլը ցույց է տվել, որ իրենք կոպեկահան են անելու ժողովրդին»,-ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ նույնիսկ Խորհրդային շրջանում կար ազատ տնտեսություն, իսկ ՀՀ-ում այնպիսի օրենքներ ենք կիրառում, որ փոքր բիզնեսը ոչնչանա։
«Պետք է այս իշխանություններին օր առաջ հեռացնենք, նոր, արդար ընտրություններ լինեն: Հակառակ դեպքում մենք բոլորս տանուլ ենք տալու, ուստի մեզ այլ ճանապարհ չի մնում, քան համախմբվել, հավաքվելով հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում: Սա պատմական եզակի շանս է Հայաստանում, 1991-ից ի վեր չի եղել, որ իշխանությունը լինի մի կուսակցության ձեռքում, չի եղել, որ ընդդիմությունը միասնական փորձի պայքարել, տարբեր լրատվամիջոցներ, փորձագետներ ուզում են հակասություններ գտնել, սակայն դրանք չկան, որովհետեւ մի խնդրի շուրջ ենք համախմբվել, մենք երկիր փրկելու խնդիր ունենք»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հորդորելով ժողովրդին միասնական լինել ինչպես 88թ.։
«Ժառանգության» փոխնախագահն անդրադարձավ նաեւ Սուրիկ Խաչատրյանի վերնանշանակմանը Սյունիքի մարզպետի պաշտոնում։
«Մի մարդու վերանշանակումը, որը Սյունիքը ֆեոդալացրել է, ցույց է տալիս, որ հասարակական կարծիքի վրա թքած ունեն, մեր ցանկությունների վրա, որ փոփոխություններ լինեն, թքած ունեն»,- ասաց Արմոն Մարտիրոսյանը։



























