Սա ճակատագրական ու պատմական պահ է. կամ իշխանությունը մի քանի հոգով երկիրը սպանում է, կամ մեր արժանապատվությունը հաղթում  է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Աբովյան քաղաքում ոչ իշխանական ուժերի առաջին մարզային իրազեկման հանրահավաքի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Հիշեք, այսօր մեր նոր շարժումը սկսում ենք այստեղից, մեզ վրա պատասխանտվություն կա: Միացել են երեք քաղաքական ուժեր, որոնք ունեն տարբեր քաղաքական մոտեցումներ, բայց ունեն մեկ նպատակ՝ երկրի փրկությունը: Մենք հայ ենք եւ հավաքվել ենք ՀՀ ճակատագրով մտահոգվածներս, լուրջ է մեր երկրի վիճակը»,-ասաց նա:

Արամ Մանուկյանի խոսքով՝ ամեն ինչ պետք է արագ անել, քանի որ դանդաղելը վնասում է մեր երկրին. «Չկա ՀՀ-ում մի մարդ, որը չզգա փոփոխության անհրաժեշտությունը: Կառավարությունը ստեղծել է մի  պասիվ շերտ, որն ասում է՝ շառից հեռու ու հեռուստացույցով հետեւում է, աջակցում, բայց չի միանում: Կա ավելի պասիվ խումբ, որը  լքում է մարտի դաշտը»

Սակայն Արամ Մանուկյանի խոսքով՝ կա նաեւ մի շերտ, որ պատրաստ է պայքարել, դրանք եռյակի շուրջ հավաքվածներն են: