Վերջնականապես հաստատվեց, որ մեր երկրի անունը այլեւս Հայաստանի Լիսկապետություն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Նա նշեց, որ ապացուցվեց, որ իշխող բիրտ ռեժիմի պարագլուխը եւ նրա նազիր-վեզիրները իրենց կյանքը, իրենց ընթացքը եւ առավել եւս ապագան չեն պատկերացնում առանց Լիսկայի եւ առանց Լիսկայության: «Ապացուցվեց նաեւ, որ ըստ ամենայնի ոչ թե Հայաստանի կառավարությունը ոչ թե Սուրիկ Խաչատրյանին վերանշանակել է Սյունիքի մարզպետ, այլ անձամբ ինքը՝ տխրահռչակ Լիսկան է իրեն վերակարգել Սյունիքի մարզպետի պաշտոնում: Սա մեծագույն ապտակ է հայ ժողովրդին, եւ մեր ժողովրդի ըմբոստ, արժանապատվություն ունեցող հատվածը պետք է անմիջապես ճիշտ հետեւողություններ անի եւ բոլոր հայորդիները, ում համար թանկ է ՀՀ-ն, մեր հայրենիքը, ովքեր ուզում են չմեռնել, չարտագաղթել, չդառնալ թափառական, պարտավոր են իրենց մեջ սպանել ահ ու սարսափի անասունը, գոտեպնդվել, համախմբվել, բռունցվել հայոց Ազատության հրապարակում եւ ապացուցել, որ Հայաստանը հայաբնակ եւ աշխարհասփյուռ հայության հայրենիքն է, մենք պարտավոր ենք վճռական գործողությունների, սրընթաց, հուժկու պայքարի միջոցով վերջակետ դնել ամենքիս հավաքական տառապանքին, պատմության աղբանոցը նետել մեզ պարտադրված ստրկության անարգանքի լուծը, պատմության աղբանոցը նետել իշխող ռեժիմին՝ Լիսկայությանը եւ միայն այդպես կկարողանանք բացել հայոց հույսի դռները եւ վերջապես կերտել Պարույր Սեւակի երազած արդարության ահեղ ատյան, սրի պատյան, սիրո մատյան Հայաստան»,-ասաց նախկին քաղաքապետը:
Սամվել Հարությունյանը շեշտեց, որ ռեժիմի հենասյուները առանց Լիսկայի ոչնչություն են եւ իրենց արաքով ապացուցել են, որ ոչ միայն չեն ուզում տարբերվել Լիսկայից, այլ ամեն կերպ փորձում են նմանվել նրան, հերթական անգամ մեր ժողովրդին ցավոտ հարված են հասցնում եւ ասում, որ այս երկիրը հայ ժողովրդի հայրենիքը չէ, պետք է շարունակի ունենալ իբրեւ իրենց վայրի կամայականությունների փորձադաշտ, ովքեր հանդգնեն դուրս գալ այս ռեժիմի դեմ, նրանք պիտի արժանանան Բուդաղյան եղբայրների, Հրաչ Մուրադյանի, Վահե Ավետյանի ճակատագրին: «Հայաստանը ռեժիմի պարագլխի եւ նրա կույր հպատակաների կողմից ըստ ամենայնի դիտարկվում է որպես հայ մարդկանց, հատկապես ըմբոստ, չհանդուրժող, արժանապատվություն ունեցող անհատականությունների որսատեղի, մնում է միայն ընդվզման, ապստամբության ճանապարհը: Մենք ոչ միայն դրա իրավունքը, այլ սրբազան պարտականությունը ժառանգել ենք Հայկ նահապետից, այն վավերացված է ՄԱԿ-ի կողմից: Եթե չեք հանդիսանում Լիսկայի եւ Լիսկայականութան առաջ կքած եւ համրացած ամբոխ, ապա պարտավոր եք ապստամբության միջոցով վերանվաճել ձեր փափագած ազատությունը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է 2013թ. հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ սպանվել էր բանակի գնդապետ Ավետիք Բուդաղյանը: Մինչ օրս Սուրիկ Խաչատրյանի որդին, որը մասնակից է եղել այդ միջադեպին, գտնվում է Հայաստանից դուրս, թեեւ դատարանը նրան ընդամենը որպես վկա է ճանաչել:
Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, որն էլ սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:




























