Վրաստանն ու Հայաստանը մուսուլմանական աշխարհում քրիստոնեական օազիսներ են, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը:
«Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում (…) Հայաստանը եւ Վրաստանը մուսուլմանական աշխարհում քրիստոնեական օազիսներ են: Հիշում եմ Վատիկանում Հռոմի պապի հետ ունեցած հանդիպումը: Նա վերցրեց ատլասն ու զննեց Հայաստանի ու Վրաստանի աշխարհագրական դիրքը: Հետո նա ասաց, որ Հայաստանն ու Վրաստանը բավականին բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ նրանք քրիստոնեական օազիսներ են: Ուստի մենք պետք է առանձնահատուկ ուշադիր լինենք միմյանց նկատմամբ», - նշել է պատրիարքը, փոխանցում է «Վրաստան - Online»-ը:
Իլյա 2-րդը հիշեցրել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի Վրաստան այցի ժամանակ պատրիարքը վերջինիս ասել է, որ Հայաստանից Վրաստանի մասին բացասական բովանդակությամբ նամակներ են ուղարկվում ՄԱԿ եւ այլ միջազգային կազմակերպություններ:
«Ես նրան ասացի, որ այդպես չպետք է լինի: Մենք չպետք է միմյանց մասին բացասաբար արտահայտվենք: Ես հույս ունեմ, որ դուք հասկանում եք մեր մերձության նշանակությանը: Երբ Վրաստանի համար լավ է եղել, լավ է եղել նաեւ Հայաստանի համար, եւ հակառակը: Մենք պետք է պահպանենք մեր հարաբերությունները», - նշել է համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը:
Հանդիպմանը ներկա հայկական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ իրենք Վրաստանի քաղաքացիներ են եւ Վրաստանի ցավն իրենց ցավն էլ է: Նրանք նաեւ հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է հաղթահարել ցանկացած խնդիր:



























