Հոկտեմբերի 10-ը լինելու է այն օրը, երբ որոշվելու է իշխանության ճակատագիրը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Աբովյան քաղաքում ընթացող՝ ոչ իշխանական եռյակի իրազեկման առաջին հանրահավաքին ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

«Վերջացրեք այսպիսի ապահով Հայաստան կառուցել: Սկսվում է համաժողովրդական շարժում: Հոկտեմբերի 10-ը լինելու է այն օրը, երբ մենք պետք է որոշենք մեր իշխանության ճակատագիրը։ Մենք ասելու ենք, եթե դուք չեք կարողանում ձեւավորել կառավարություն, պետք է հեռանաք»։

Իշխանությունը, ըստ Ռուբեն Հակոբյանի, մի կողմից խոսում է Սահմանադրական փոփոխությունների միջոցով բարենորոգման հասնելու մասին, մյուս կողմից վերադարձնում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, ինչը ցույց է տալիս, որ բարեփոխելու նրանց ցանկությունը երեսպաշտություն է, եւ որ իշխանության միակ ցանկությունը վերարտադրվելն է։

Ռուբեն Հակոբյանը նշեց, որ օր առաջ հարկավոր է ազատվել այս իշխանություններից, քանի որ կեղծիքով ընտրված իշխանություն չի կարող լավ բան անել:

«Մենք ասում ենք՝ ժողովուրդը գենետիկ ծիրան մշակող է,  էդ ինչո՞ւ եք  միլիոններ տալիս, Զիմբաբվեից մարդ բերում, որ ծիրան մշակել սովորեցնի արարատցուն։ Ինչո՞ւ եք 18 միլիոն գումար տալիս, որ գան, ասեն՝ ապարանցի, կաղամբ այսպես են մշակում, կամ մարտունեցի՝ կարտոֆիլ այսպես են աճեցնում»,-ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը։