ՀԱԿ անդամ, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վարդան Հարությունյանին, որին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, բերման էին ենթարկել ՀԱԿ գրասենյակի մոտից, մոտ 2,5 ժամ Ոստիկանության Կենտրոնի բաժնում հարցաքննելուց հետո ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդան Հարությունյանը:
«Նախ ինձ բերման ենթարկեցին քաղաքացիական հագուստով անձինք, որոնք առանց համարանիշների սեւ BMW-ով էին: Ասացին, որ խուլիգանություն կատարելու կասկածանքով են բերման ենթարկում եւ հենց մեքենայի մեջ խլեցին հեռախոսս, արգելեցին զանգել որեւէ մեկին»,-պատմեց Վարդան Հարությունյանը:
Վարդանի խոսքով` իրեն մեղադրում էին սեպտեմբերի 23-ին կառավարության մոտ բողոքի ակցիային մասնակցելու ժամանակ խուլիգանություն կատարելու համար. «Ասացին, որ իբր քացով ոստիկանի հետույքին եմ հարվածել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել, խանգարել հասարակական կարգը, սակայն նման բան չի եղել, ես այդ ակցիային ընդհանրապես չեմ մասնակցել»:
ՀԱԿ անդամն ասաց, որ իրեն քննչական բաժին են տարել, եւ քննիչը իրեն հարցաքննել է որպես վկայի, այնուհետեւ ՄԻՊ-ի աշխատակիցն է եկել եւ փորձել ոստիկանությունից պարզել, թե ինչու են իրեն հարցաքննում որպես վկայի, եթե ինքը խուլիգանություն կատարելու կասկածանքով է բերման ենթարկվել:
«Ոստիկանությունում չկարողացան պատասխանել ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի հարցին, ՄԻՊ-ն էլ վաղը կհրապարակի իր դիրքորոշումը այս կապակցությամբ»,-ասաց Վարդան Հարությունյանը:
Այնուամնեյանիվ, Վարդան Հարությունյանին ոստիկանությունում հարցրել են այսօրվա ակցիայի եւ կառավարության առջեւ թակարդներ տեղադրելու վերաբերյալ։
Վարդան Հարությունյանը համոզված է, որ այսօր իրեն բերման ենթարկելը վախեցնելու փորձ էր, որ հետագայում էլ բողոքի ակցիաների չմասնակցի:




























