ՄԱԿ-ի ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտությունը հայհոյանք չէ, ՄԱԿ-ի դահլիճն այնքան բան է տեսել, որ սա զարմանալի չէ: Այսօր` սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

«Դա ընդամենը իդիոմատիկ արտահայտություն է, որ բավականին լավ թարգմանվել էր անգլերեն: Հայհոյանք ես այնտեղ չեմ տեսնում: Մեկին կարող է դուր գալիս, մյուսին ոչ: Ինքս ՄԱԿ-ի ամբիոնից տարբեր հայհոյանքներ եմ լսել. Եղել է Ուգո Սանչեսի, Խրուշչովի սկանդալային հայտարարությունները: Այս դահլիճն այնքան բան է տեսել, որ սա չէր զարմացնի»,- ասաց պատգամավորը:

Նշենք, որ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների եւ արձանագրությունների մասին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Պաշտոնական Անկարան բացահայտ հռչակում է, որ կվավերացնի այդ արձանագրությունները միայն, եթե Լեռնային Ղարաբաղը` Ազատ Արցախը, հայերը հանձնեն Ադրբեջանին: Հայաստանում և Արցախում նման նախապայմաններին պարզ մարդիկ շատ հաճախ արձագանքում են շատ պարզ. «գրողի ծոցը վավերացնեք»»: