Վարչապետ Հովիկ Աբրահամյանի քաղաքականության շնորհիվ եւ հարկային ոլորտում փոփոխությունների շնորհիվ փոքր եւ միջին բիզնեսով զբաղվողների հարկային բեռը թեթեւանում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը, ով «Եվրոստան-Ույուտ» ձեռնարկության հիմնադիրն է:

Նրա կարծիքով՝  փոփոխությունները ուղղված է նրան, որ փողը մնա ժողովրդի ձեռքը: «Մենք բյուջեի խնդիր չենք լուծում, ընդհակառակը բյուջեն մի հատ էլ տուժում է, բայց մենք այդ քայլին գնում ենք: Ուրիշ բան, որ կարող է խնդիրներ են ծագում մարդկանց մոտ չհասկանալու կամ վարչարարության պատճառով, այդտեղ պետք է ուղղակի իրար հասկանալ, լսել, բացատրել եւ եթե խոչընդոտող բաներ կան, ուղղակի փոխել: Սա ավելի շատ լուծում է սոցիալական խնդիրներ, փորձում են մանր ու միջին ձեռնարկատերերի համար հնարավորինս լավ պայմաններ ստեղծել, որ հանգիստ աշխատեն, էլ հարցեր չտան: Պարզ է որ դա պետք է ինչ-որ ձեւով կոմպենսացվի ի հաշիվ նրանց, ովքեր սոցիալական խնդիրներ չեն լուծում, այսինքն՝ մեր բիզնեսների, բայց օրենքի սահմաններում, չեն ասում էսքան ավել փող պիտի տաս, ինչքան օրենքը պահանջում է այդքան: Մենք չենք տուժում, ոնց որ աշխատել ենք, տենց էլ պիտի աշխատենք՝ օրենքը պաշտպանելով, ուղղակի ավելի կոշտ վարչարարություն է»,-ասաց պատգամավորը:

Նշենք, որ փոքր եւ միջին ձեռնարկատերերի կողմից ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման պահանջի պատճառով օրեր շարունակ փոքր եւ միջին ձեռնարկատերերը բողքի ակցիաներ էին անցկացնում: