Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին ուղղված ադրբեջանական կողմի սպառնալիքները միջազգային հանրության կողմից ադեկվատ գնահատականների չեն արժանանում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը՝ վերլուծելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը:
Նրա կարծիքով, դա ինքնին հանգեցնում է նրան, որ հակառակ կողմը հնարավոր է համարում գործնականում ցանկացած քայլի իրականացումը, այդ թվում եւ՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների նկատմամբ: «Նախագահի ելույթի մի մասն ուղղված էր այն փաստին, որ միջազգային հանրությունը պասիվություն է դրսեւորում Ադրբեջանի կողմից հնչեցված անընդունելի հայտարարությունների, այդ թվում՝ հարեւան երկրի նկատմամբ սպառնալիքների շուրջ, իսկ դա հակասում է միջազգային իրավական նորմերին», - նշեց Ալեքսանդր Մարկարովը: Միջազգային հանրության այդ անտարբերությունը մի կողմից հանգեցնում է ամենաթողության քաղաքականությանը, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական ռեժիմին մնում է առնվազն ամենալավը ցանկանալ:




























