Ադրբեջանին իր ծառայությունները առաջարկած ոստիկանության նախկին աշխատակցի՝ Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանի գործով դատավարությունն ավարտվել է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ գործը քննվել է դռնփակ: Օգոստոսի 18-ին կայացած դատական նիստում Խաչիկ Մարտիրոսյանը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Նա մեղադրվել է Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության, այն պատժվում է ազատազրկմամբ` 10-15 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Խաչիկ Մարտիրոսյանն այժմ գտնվում է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:
NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց նրա փաստաբանին՝ Մարատ Գինոսյանին, ով, ի դեպ, քննության ողջ ընթացքում հրաժարվում էր լրագրողների հարցերին պատասխանելուց: Հարցին, թե այժմ գոնե կասեք՝ ինչ եք պատրաստվում անել՝ դիմելու Վերաքննիչ դատարան, թե ոչ, փաստաբանը բացասական պատասխան է տվել եւ միանգամից անջատել հեռախոսը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 31-ին ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ, Երեւան քաղաքի բնակիչ, 60-ամյա Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:
ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի ԱԱԾ կողմից ձեռք են բերվել անհերքելի ապացույցներ, որոնք վկայում են, որ Խ. Մարտիրոսյանը, ֆինանսական օժանդակություն ստանալու ակնկալիքով, 2013թ. օգոստոսին սեփական նախաձեռնությամբ դիմել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանություն ու կապ է հաստատել դեսպանության քողի տակ գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցների հետ, առաջարկելով իր ծառայությունները:
Խ. Մարտիրոսյանը Ադրբեջանի հատուկ ծառայություններից ստացել է ռազմական բնույթի տեղեկություններ ձեռք բերելու առաջադրանքներ եւ դրանք կատարելու նպատակով ձեռնարկել է գործուն քայլեր: Իր կողմից ձեռք բերված տեղեկությունները Խ. Մարտիրոսյանը մտադրված է եղել փոխանցել ադրբեջանցիներին, ինչը սակայն, կասեցվել է ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում Խ. Մարտիրոսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:




























