Ոսկու շուկայում աշխատակիցների սեղանները ջարդուփշուր անելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Քրեական գործ չհարուցելու պատճառն այն է, որ ոստիկանությունը որեւէ հաղորդում չի ստացել հացագործության մասին: Դիտարկմանը, թե արդյոք լրատվամիջոցներում առկա տեսանյութերը, որտեղ շուկայի սեփականատերը վստահեցնում է, որ ինքն է հրահանգել ջարդուփշուր անել սեղանները, հիմք չէ գործ հարուցելու համար, ոստիկանությունից հայտնեցին, որ որեւէ տուժող չի դիմել բողոք չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի «Ոսկու շուկայի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի հերքում, որ իր հրահանգով են սեպտեմբերի 25-ին, առավոտյան ջարդուփշուր արել շուկայի աշխատակիցներից մի քանիսի սեղանները՝ որպես նախազգուշացում այն աշխատակիցներին, ովքեր պատրաստվում են մասնակցել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ կառավարության մոտ ընթացող՝ տոնավաճառների առեւտրականների բողոքի ակցիային։