«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Ներսես Մելքոնյանի կալանքի ժամկետը երկարացվելու է. քննիչը նոր միջնորդություն է ներկայացրել: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով կալանավորված Ներսես Մելքոնյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
«Նախաքննությունը դեռ չի ավարտվել, այսօր քննիչը նոր միջնորդությամբ հանդես կգա: Թե ինչ հիմնավորմամբ, չեմ կարող ասել, որովհետեւ միջնորդության տեքստին ծանոթ չեմ»,- ասաց նա:
Հարցին՝ արդյոք Ներսես Մելքոնյանի եւ գործով կալանավորված մյուս անձանց միջեւ առերեսում է տեղի ունեցել, փաստաբանը պատասխանեց, որ նման քննչական գործողություն չի կատարվել:
Անդրադառնալով իր պաշտպանյալի առողջական վիճակին՝ Վարդուհի Էլբակյանը նշեց, որ Ներսես Մելքոնյանը դեռ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հիվանդանոցում, սակայն վիճակն արդեն բարվոք է, վտանգավոր ոչինչ չկա:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։




























