Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը 2014 թ. կանխատեսում է 12-13% պարենային գնաճ՝ 7,2-7,4%-ի դիմաց: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մինչեւ 2017թ. կանխատեսումը:

Գերատեսչությունը մասնավորապես նշում է, որ միաժամանակ ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների գնաճը սպասվածից ցածր կլինի, այդ պատճառով ինֆլյացիայի արագացումն այդքան ուժեղ չի լինի:

Նախարարությունը  2015-2016թթ. գյուղատնտեսական տարում ակնկալում է հայրենական արտադրանքի աճ՝ ներկրման կրճատման ֆոնին: Վերջնարդյունքում պարենի գնաճը պետք է դանդաղի:

Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսի 7-ին Ռուսաստանը հայտարարել էր ԵՄ երկրներից, Ավստրալիայից, Կանադայից, Նորվեգիայից եւ ԱՄՆ-ից մսեղենի, սառեցված ձկնեղենի, ծովամթերքի, միրգ-բանջարեղենի կաթի եւ կաթնամթերքի ներկրման արգելքի մասին:

Էմբարգոն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով կիրառված պատժամիջոցների պատասխանն էր: Օգոստոսի 20-ից ցուցակում ներառվել էր նաեւ կենդանի ձուկը: