Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Նյու-Յորք այցի ընթացքում ստորագրել է Զենքի վաճառքի մասին միջազգային պայմանագրին երկրի միասնալու մասին փաստաթուղթը:

Վրացական պատվիրակությունը՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ, մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին:

 «Վրաստանը մեծ ավանդ ունի գլոբալ անվտանգության հարցերում եւ սա աշխարհում անվտանգության ամրապնդման եւս մեկ քայլ է», - հայտարարել է Փանջիկիձեն:

Նրա խոսքով՝ Վրաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ եւ անպայմանորեն կկատարի դրանք:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2013թ. ապրիլին հաստատել է Զենքի առեւտրի մասին միջազգային պայմանագրի տեքստը, որը ընդհանուր ստանդարտներ է սահմանում սովորական սպառազինությունների (սկսած հրաձգային զենքից մինչեւ ռազմանավեր) հետ կապված գործարքների համար:

Զենքի վաճառքի մասին պայմանագիրը, որը ստորագրել է 121 երկիր եւ վավերացրել՝ 53-ը, ուժի մեջ կմտնի 2014թ. դեկտեմբերին: