Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը պետականացնելուց հետո, համաձայն կադաստրի տրամադրած փաստաթղթի` վերանվանվել է Ծիծեռնակաբերդի մարզահամերգային համալիր: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողներին հայտնեց Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի բաժնի եւ մամուլի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

«Համալիրը ստացել է զորամասի կարգավիճակ, հետեւաբար ստիպված ենք համազգեստով աշխատել, իսկ մարդիկ կարող են գալ եւ «սմուգլյանկաներ» լսել»,- ասաց Կորյուն Գրիգորյանը: Ասածն ընդգծելու համար Կորյուն Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը զինվորական համազգեստով էր ներկայացել։

ՄՀՀ աշխատակիցներին բարկացրել է Անկախության տոնին համալիրում կազմակերպված ընդունելությունը։

«Անկախությունը մեծագույն արժեք է մեր երկրի համար,  սակայն այն տոնելը, բառի բուն իմաստով, զավթված, գրավված օբյեկտում եւ ուրիշի շարժական գույքը ապօրինաբար շահագործելը, նորմալ չէ»,- նշեց ՄՀՀ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԴԱՀԿ-ը ծառայության կողմից շենքը կապարանքելուց հետո իրենք դիմել են ՀԷՑ-ին, որպեսզի շենքը հոսանքազրկեն, քանի որ իրենք այլեւս պարտավոր չէին վճարել օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց, սակայն սեպտեմբերի 21-ի ընդունելության համար շենքում միացրել են լույսը. «Սեպտեմբերի 21-ին բոլոր լույսերը միացված էին, աշխատում էին ամբողջ թափով: Հետաքրքիր է հարցնել`ո՞ւմ հաշվին, որովհետեւ դեռեւս այդ ամեն ինչը մեր հաշվին է գնում: Նորից կա ապօրինի քայլ եւ օրենքի կոպիտ խախտում»:

Շենքի շարժական գույքի ճակատագիրը եւս պարզ չէ: Այն, ՄՀՀ ներկայացուցչի խոսքով՝ այս պահին շահագործվում է, իսկ 100-ից ավելի աշխատակիցները  շարունակում են աշխատել առանց վարձատրվելու:

«Սեպտեմբերի 21-ին եթե մեր աշխատակազմը չլիներ, զինվորականները չէին կարող գլուխ հանել: Շենքին անծանոթ մեկը չի կարող նույնիսկ լույսերը միացնել: Մարդիկ, ովքեր 30-35 տարի շարունակ աշխատել են համալիրում, սա իրենց համար 2-րդ բնակարանն է, ու իրենք կյանքում չեն թողնի, ոչ ինչ-որ հիմար մտնի էնտեղ, ոնց պատահի, շահագործի»,- եզրափակեց Կորյուն Գրիգորյանը:

ՄՀՀ աշխատակազմը համարում է, որ իրենց իրավունքները ոտնահարվել են, նրանք այդ հարցով դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին։