«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված, ապա կալանավորված Վալերի Հովհաննիսյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից նորից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ Վալերին այժմ գտնվում է ՔԿՀ-ի բուժմասում, վիճակը կայուն է, համապատասխանում է տարած վիրահատությանը:
Նշենք, որ մեղադրյալին «Դատապարտյալների հիվանդանոց» էին տեղափոխել սեպտեմբերի 11-ին: Կալանավորի հայրը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ որդու վիճակը շատ վատ է, նրան համապատասխան բուժում չեն նշանակում: http://news.am/arm/news/229257.html
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով հուլիսին կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը:



























