«Օֆշորի գործով» կալանավորված գործարար Աշոտ Սուքիասյանը երբեք չի գտնվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, ինչպես նաեւ չի դիմել իր գտնվելու վայրը գաղտնի պահելու խնդրով: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ հունիսի 16-ին Աշոտ Սուքիասյանը ընդունվել է «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ մինչ այդ նա գտնվում էր քննչական մեկուսարանում: Ինչ վերաբերում է նրա ցանկությանը՝ իր գտնվելու վայրը գաղտնի պահելու մասին, ապա Գոռ Ղլեչյանն ասաց, որ օրենքով սահմանված կարգով իր գտնվելու վայրի մասին սահմանափակումներ մտցնելու դիմում կալանավորը «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմին չի ներկայացրել:
Ի դեպ, հետաքրքիրն այն է, որ Աշոտ Սուքիասյանի փաստաբանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Աշոտ Սուքիասյանը «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում չէ, ուրիշ կալանավայրում է: Բայց թե որտեղ էր նա գտնվում, փաստաբանը չէր հայտնել՝ նշելով, որ իր պաշտպանյալը չի ցանկանում, որ այդ մասին իմանան:
Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը կալանավորվել է հունիսի 19-ին՝ Վրաստանից Հայաստան արտահանձնվելուց անմիջապես հետո: Առ այսօր գործարարը ցուցմունք է տալիս:
Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ 2009թ. էկոնոմիկայի նախարարության շենքում նախարար Ներսես Երիցյանի մոտ ՀՀ այդ ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ հանդիպում-խորհրդակցություն էր կազմակերպվել 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ, որի ժամանակ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով։ Իսկ այդ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեին աշխատել։ Գործարար Փայլակ Հայրապետյանն առաջարկել էր գրավադրել իր 33 մլն դոլար արժողությամբ իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկ»-ից ստացված մոտ 10 միլիոն դոլարը տվել Աշոտ Սուքիասյանին, որն էլ վերցնելով գումարը՝ փախել էր երկրից: 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել էին Վրաստանում:




























